Համարե՞լ Բրյուսելի ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը 2013-ի Վիլնյուսի գագաթնաժողովի շարունակություն` ոմանց համար տրամաբանական, ոմանց համար` տրամաբանությանը դեմ:
Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը` ներկայությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ձեռամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի: «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն աջակցում է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»` համաձայնագրի ստորագրումից հետո ասաց Ֆեդերիկա Մոգերինին։ «Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»` նշեց նա և ընդգծեց, որ ԵՄ-ն առաջին անգամ է համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Իտալուհին հիշեցրեց, որ կարևորը` ԵՄ-ն և Հայաստանը միասին գործնական քայլեր ձեռնարկեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ, որ պարբերաբար համաձայնագրի կատարման մոնիտորինգ է իրականացվելու և շեշտեց, որ համաձայնագիրը ենթադրում է սերտ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց տեղաշարժի, բիզնեսի և ներդրումների, առևտրի ոլորտներում։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի պաթետիկ էր, նա հայտարարեց. «ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այս համընդգրկուն և հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում։ Այն կուռ իրավական հիմք է քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, և շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։ Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացքող բարեփոխումների համար»։ Նալբանդյանը կարևորեց, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը` աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության։
Համաձայնագրի ստորագրումից բացի` ինտրիգային էր ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը, որտեղ Ադրբեջանը փորձում էր ամրագրել իր տարածքային ամբողջականության դրույթը: Իսկ Հայաստանը պատրաստվում էր այդ դեպքում հռչակագիրը ստորագրել վերապահումով: ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի 6-րդ կետում ասված է. «Գագաթնաժողովի մասնակիցներին շարունակում են խորապես մտահոգել տարածաշրջանի տարբեր հատվածներում միջազգային իրավունքի շարունակական խախտումները: Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում ակտիվացնել չլուծված հակամարտությունները կարգավորելու ջանքերը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումն ու բարիդրացիական հարաբերությունները առանցքային են տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ մեծացող դերը հակամարտությունների կարգավորման և փոխվստահության կառուցման գործում՝ առկա բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ դրանց աջակցելով, ներառյալ դաշտային առաքելությունների միջոցով, երբ դրա կարիքը կա»։
Փաստացի` ԵՄ-ն ընտրեց իր առաջարկած տարբերակը` որևէ հակամարտության անուն չնշել և բավարարվել ընդհանուր դրույթներով: Մինչ հռչակագրի ընդունումը Սերժ Սարգսյանը ասել էր, որ չի սպասում, թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումների շուրջ համաձայնության հարցում. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձևակերպումները։ Սա՝ մեկ: Ես չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԵՄ-ն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է»:
Իսկ գագաթնաժողովում իր ելույթում ՀՀ նախագահը պատասխանել էր Իլհամ Ալիևին. «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը: Մեկ նկատառում ևս. ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993-ին ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ: Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա: Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման իր տեսլականին»:
Բացի համաձայնագրից` Բրյուսելում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»։ Համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող առավելությունների թվում նախատեսում է նաև ՀՀ-ի` ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համենայն դեպս` հիշեցնեմ, որ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ասաց.
«Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին», բայց չդիմացավ ու հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ԵՄ-ն չի կարող փոխարինել ՌԴ-ին:
Երևի նկատի ուներ, որ ԵՄ-ն զենք չի վաճառում ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին: Հայաստանը կարո՞ղ է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարցին ի պատասխան Վոլինկինն ասաց, որ Արևելքի և Արևմուտքի ճանապարհների խաչմերուկում եզակի աշխարհաքաղաքական դիրք ունեցող Հայաստանը մի կողմից Ռուսաստանի հետ է դաշնակցային հարաբերություններ կառուցում, մյուս կողմից՝ ձգտում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերական հարաբերությունների` «Դա վերաբերում է նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններին», և ընդամենը հույս հայտնեց, որ և-և բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին` կամ-կամ մոտեցմանը` փաստորեն չպատասխանելով հարցին: Շատ ավելի շիտակ ու գերմանացու ուղղամտությամբ Բրյուսելում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասաց, որ ԵՄ-ի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերություններում: Կանցլերն առանձնացրել է ԱԼԳ-ի կարևոր 2 կետերը` «Մի կողմից` խոսքը մարդկանց կյանքի որակի բարելավման, ժողովրդավարության զարգացման մասին է։ Մյուս կողմից` մեր անվտանգությանն է վերաբերում։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի հետ ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը։ Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի հետ նույնպես գործըներության համաձայնագիր կկնքենք։ Այն կլինի ոչ այնքան ինտենսիվ, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն է, բայց մենք կհամագործակցենք նրանց հետ։ Սակայն այդ երկրներում կտրուկ փոփոխություններ չեն լինի»,- ասել է Անգելա Մերկելը: Իսկ նա իրատես է: Եվ, այնուամենայնիվ, արվեց քայլը, որ Տարաս Բուլբան ողջ լիներ` կձևակերպեր. «Ես քեզ սպանեցի, ես էլ քեզ կվերակենդանացնեմ»: Մնաց ռեանիմացիան ստացվի: